ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը norlur.am-ի հետ զրույցում  հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: norlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Բիչախչյանից, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով։

Հիշեցնենք` Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել  2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Հիշեցնենք` փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ նամակ է ստացել Մարիա Ղանաղունյանից, որը Կանադայից Հայաստան է տեղափոխվել ու մի շարք փորձությունների միջով անցել։ Վարչապետը նամակը կարդալուց հետո նախ զանգել է հեղինակին՝ շնորհակալություն հայտնել նամակը գրելու համար, այն հրապարակելու թույլտվություն է ստացել, ապա նամակը հասցեագրել է մի շարք պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին` հետևյալ գրությամբ. «Սկսել ծառայողական քննություն Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձևով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային և վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ և վատ աշխատողներին ազատել աշխատանքից»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.