Կորոնավիրուսը «շտկումներ է մտցնում» Հայաստանի հավաքականների ծրագրերում

Համաշխարհային սպորտն իր պատմության մեջ երբեք չէր հայտնվել

այնպիսի լուրջ խնդրի առջև, ինչպես կորոնավիրուսն է։ Բանն այն է, որ օրեցօր չեղարկվում են պաշտոնական, այդ թվում՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9-13-ը նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարիայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը:

Մեր ըմբիշները մինչ այդ որոշումը ուսհավաք էին անցկացնում Օլիմպավանում, սակայն կորոնավիրուսը շտկումներ մտցրեց նրանց ծրագրերում։

Չեղարկվել է նաև Կանադայի Մոնրեալ քաղաքում մարտի 16-22-ը կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզական պատիվն այդ մրցումներում պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան–Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց հավաքականները ներկայում ուսումնամարզական հավաք են անցկացնում Թբիլիսիում։ Սակայն մեր մարզիկները նույնպես պարապուրդի կմատնվեն, քանի որ հետաձգվել է մարտի 18-22-ը Դոհայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ պետք է հանդես գային մեր առաջատարներից  Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարը տեղափոխել է հունիսի 3-6–ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.