Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը․Բալասանյան

Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին։ Այս մասին ասուլիսին ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Բալասանյանը նշեց, որ, երբ Փաշինյանը խոսում է Արցախում դավադիր ուժերի մասին, դրանք ինքն իրեն չի վերագրում։ «Ես չգիտեմ՝ ովքեր են այդ դավադիր ուժերը, որոնց առայսօր մենք չենք տեսել։ Մենք չտեսանք այն դավաճաններին, որոնց չպետք է Արցախի ժողովուրդն իր ձայնը տա»,- նշեց Բալասանյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, թե ինքը ներկայացնում է ՀՀ նախկին իշխանությանը, Բալասանյանն ասաց, որ դա աբսուրդ է և իր համար մեծ պատիվ է եղել բոլոր նախագահների հետ ծառայելը։ «Իմ անցած ճանապարհը, իմ տոհմը, իմ չափանիշները չեն համապատասխանում, որ ես որևէ մեկի մարդը լինեմ։ Ես իմ երկրի, ժողովրդի մարդն եմ և պարտական եմ իմ երկրին ու ժողովրդին»,- նշեց Բալասանյանը։ Վերջինս Փաշինյանի հայտարարությունները որակեց որպես պոպուլիզմ, մանիպուլյացիա, վտանգավոր հայտարարություններ։ «ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը պետք է ձեռնպահ մնա նման հայտարարություններից և հանրության առաջ ներողություն խնդրի այդ բառերի համար։ Ժամանակը կգա, մենք կբարձրաձայնենք և նույն Նիկոլ Փաշինյանը և բոլորը պատասխան են տալու այդ բառերի համար»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով՝ թույլ չեն տա, որ հեղափոխությունը տեղափոխվի Արցախ։ «Նախ՝ Արցախի ժողովուրդը հեղափոխական չեն, թույլ չենք տալու։ Մենք չենք լքի մարտական հենակետը, որպեսզի այդ հեղափոխությունը չտեղափոխվի Արցախ։ Դա վտանգավոր է նախ ՀՀ-ի համար, հետո՝ Արցախի հանրապետության և ընդհանրապես ամբողջ հայության համար»,- ասաց Բալասանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.