Արտերկրում բնակվող քաղաքացիներն իրենց օգնությունն են առաջարկում կուրթանցի Մեխակ Առաքելյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր օգնական Անուշ Դավթյանի հետ ուղևորվում է Լոռու մարզի Կուրթան գյուղ՝ այցելելու այնտեղ բնակվող Մեխակ Առաքելյանին և նրա ընտանիքին: Ս. Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի միջոցով: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ ընտանիքի համար լավ լուրեր ունի: «Արտերկրում բնակվող մի քանի քաղաքացի խնդրել է ինձ այցելել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և հայտնել նրանց, որ իրենք պատրաստակամ են օգնել՝ լուծել նրանց խնդիրները: Արտերկրում բնակվողները նմանատիպ որոշում են կայացրել, երբ մամուլից տեղեկացել են կուրթանցի այդ տղամարդու առողջական խնդիրների մասին»,- նշեց Սիփան Փաշինյանը և հավելեց, որ շահարկումներից խուսափելու համար (քանի որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթաց է) այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ չի հայտնի: Նա խոստացավ, որ հանրային հետաքրքրության դեպքում մանրամասները կներկայացնի ապրիլի 5-ից հետո: Մարտի 7-ին՝ Ստեփանավանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի երիտասարդ էր մոտեցել, ով ասել էր, որ երկրաշարժից տուն է կորցրել: Վարչապետը նշել էր, որ պետք է պարզել՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո, տվյալ երիտասարդը՝ Մեխակ Առաքելյանը, ասել էր, որ տուն չունի, տնակում է ապրում: Փաշինյանն էլ պնդել էր, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Մարտի 10-ին մամուլում մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Մեխակ Առաքելյանը պատմում է իր առողջական խնդիրների մասին և թե այդ օրն ինչ է ցանկացել խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այսօր՝ մարտի 11-ին՝ Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում, վարչապետը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/11/1149523/

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.