ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ոստիկաններն ընդդեմ 5–ամյա աղջկա. ո՞րն էր դաժանության նպատակը

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ։

 
Արամ Վարդանյանի փաստաբանները, որոնք գիշերը ներխուժումից 15 րոպե անց արդեն նրա տանն էին և ներկա են եղել ոստիկանության գործողություններին, նախօրեին լրագրողներին պատմեցին, որ ոստիկանները գործել են գազանաբար. նրանց մի մասը եղել է դիմակավորված, կոտրել են տան դռները, պատուհանները, թեև տուն մտնելու համար դրա անհրաժեշտությունը չի եղել։ Պոկել են վարագույրները, տակնուվրա արել տունը, քաշքշել են Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների։ Ականատեսների պատմելով՝ զենքը պահել են հարազատների, այդ թվում՝ Արամ Վարդանյանի հնգամյա թոռնուհու վրա։

 

Հարևանները պատմեցին, որ մղձավանջային գիշեր են ապրել. մինչև առավոտյան ժամը 4–ը ծեծուջարդի ձայն են լսել։

Արամ Վարդանյանն այդ պահին տանը չի եղել։ Նրա հնգամյա թոռնուհին կատարվածից այնքան է վախեցել, որ կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Երեկ, երբ լրագրողները Արամ Վարդանյանի տան մոտ էին, Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին նաև նրա մորը։

«Երբ մտա տուն եւ բարձրացա երկրորդ հարկ, տեսա՝ ննջարանում Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը, աղջիկ երեխա, մոր գրկին դողում է, իսկ ննջարանում՝ գոռգոռացող ոստիկաններ, դիմակավորված եւ զինված։ Դա զարհուրելի էր»,– լրագրողներին պատմել էր Արամ Վարդանյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը։

 

Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել Էրեբունու ոստիկանապետի ներկայությամբ, որը համակարգել է ոստիկանության գործողությունները։

«Հրապարակը» զրուցել է Արամ Վարդանյանի հետ, որն ասել է՝ ոստիկանությունն այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է նրա հետ գործարքի գնալ։ «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ…»։

Ի՞նչ նպատակ է ունեցել ոստիկանության վայրագ գործելաոճը, եթե խնդիրը Արամ Վարդանյանին ձերբակալելն էր, ապա ինչո՞ւ էր պետք դաժան վարվել ընտանիքի անդամների, կանանց ու երեխայի հանդեպ՝ հասցնելով նրանց հիվանդանոց. սրանք հարցեր են, որոնք երեկվանից բարձրացնում է հասարակությունը։

5–ամյա աղջիկը դեռ չի խոսում, երեխային այդ վիճակին հասցրել են նրա անվտանգությունը պաշտպանելու կոչված իրավապահները։ Հարազատները հույս ունեն, որ նա կապաքինվի, որ կատարվածը հետք չի թողնի փոքրիկի վրա, և նա կիրականացնի երգչուհի դառնալու երազանքը։

Ստորև ներկայացնում ենք Արամ Վարդանյանի 5–ամյա թոռնուհու՝ պապիկին՝ Արամ Վարդանյանին նվիրված տեսահոլովակը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.