ՄԻՊ-ն այցելել է «էլիտար» անվամբ հայտնի զորամաս. Շուտով կներկայացվեն արդյունքները

Փետրվարի 21-ին, 22-ին գտնվում էի Արցախում, այցը կազմակերպվել էր նախապես մշակված ծրագրի համապատասխան, այցելել ենք զորամասեր, զինվորական կենտրոնական հոսպիտալ, ռազմական ոստիկանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ հատուկ մասնագետների մասնակցությամբ զինծառայողների հետ առանձնազրույցներ են եղել. «Այցի ընթացքում մեր խմբերը բաժանված էին մի քանի մասի։ Մի քանի խումբ ուսումնասիրում էր բուժծառայությունների հետ կապված հարցերը, մի քանի խումբ՝ կարգապահական վարույթները։ Ուշադրություն ենք դարձրել հատկապես զինծառայողների, սպայական կազմի վիճակի, իրավունքների ապահովման հետ կապված հարցերին»։

Թաթոյանը հայտնեց, որ այցը տեղի է ունեցել Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ, այցի սկզբում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՊԲ-ի հրամանատարության հետ։

«Այս հանդիպումներն արդյունավետ էին, նախապես ծրագրել էինք 40-80 րոպե տևողությամբ հանդիպում, բայց 3 ժամից ավել տևեց այն։ Նաև նախապես հանդիպել էինք մի քանի զինծառայողների ընտանիքների հետ։ Այցելել ենք  նաև Շուշի քրեակատարողական հիմնարկ, այնտեղ էլ առանձնազրույցներ ենք ունեցել կալանավորների հետ»,-ասաց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը կարևորեց քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ. «Այցից առաջ ես քննարկում եմ ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար հետ, այցից հետո կրկին քննարկում եմ ունեցել նրա հետ և հանուն արդարության պետք է ասեմ, որ քաղաքացիական վերահսկողության կարևորության բազմիցս նաև նախարարն է ընդգծել»։

Նա ընդգծեց, որ այցելել է նաև «էլիտար» անվամբ հայտնի զորամաս և առանձնազրույցներ ունեցել այնտեղի զինծառայողների հետ։

«Եթե չեմ սխալվում, նրանցից 3-ը կալանավորված են, նրանց հետ էլ ենք առանձնազրույցներ ունեցել։ Հիմա ամփոփումներ ենք անում»,-ասաց Թաթոյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.