Կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է

Էջմիածնում կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արամ Ավետիսյանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածնքերով հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել է, որ տուժողը Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Գեւորգ Խալաթյանն է, ում վրա կրակոցներ են արձակվել հենց նրա տանը՝ կնոջ ու անչափահաս երեխաների աչքի առաջ։

ՔԿ-ից պաշտոնապես տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը երեխաների հետ մտնելով տուն՝ փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տարաձայնության առարկան եղել է տունը։ Խնդիրն այն է, որ այն նախկինում պատկանել է նախկին ոստիկանին, որը հետագայում դրվել է գրավի տակ, չի կարողացել մարել վարկը եւ բանկը աճուրդի է հանել տունը, ինչը անչափահաս երեխաների հայրը ձեռք է բերել ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու։

Դեպքի օրը նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել։

ՔԿ-ից հայտնում են, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու համար ու որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.