Հայտնի տեսանյութում քաղաքացուն խոշտանգողները նախկին ոստիկանապետի եղբայրն ու վարորդն են.

Վարազդատ Հովհաննիսյանի մայրը՝ Անուշ Հովսեփյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեսանյութում ծեծի ենթարկվողը իր որդին է, դեպքը տեղի է ունեցել 2009 թ.-ի մայիսի 24-ին, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում։ Տիկին Անուշն ասաց, որ տեսանյութում իր որդուն հիմնական ծեծողը նախկին ոստիկանապետի՝ ծնունդով Արարատի մարզի Կանաչուտ գյուղից Ալիկ Սարգսյանի եղբայրն է՝ Անդրանիկ Սարգսյանը, ծեծի մյուս մասնակիցը Ալիկ Սարգսյանի վարորդն է։ Մյուս երկուսը ոստիկաններ են։

Անուշ Հովսեփյանը պատմեց, որ 1995 թվականին իրենք Հայաստանից՝ Կանաչուտ գյուղից տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, բնակվել այնտեղ, սակայն 2000 թվականին իր որդին՝ Վարազդատը, վերադարձել է Հայաստան՝ բանակի հարցերը լուծելու համար։ Վարազդատը ՌԴ-ում գողության համար պայմանական դատապարտված է եղել, դրա համար էլ Հայաստանում նրան բանակ չեն տարել, և նա մնացել է Հայաստանում։ Դեպքի օրը՝ մայիսի 24-ին, դպրոցի ավարտական՝ Վերջին զանգի օրվա հետ կապված գյուղում տոնակատարություն է եղել, Վարազդատը հարևանի հետ ևս քեֆ է արել, խմել են։ Տիկին Անուշի պատմելով՝ հարևանի ամուսինը պնդել է, որ էլի խմեն, բայց գումար չեն ունեցել, ու իր որդին գիշերը ուշ ժամի գնացել է հարևանի՝ Ասյայի տուն գումար խնդրելու։ Ասյան գումար չի տվել։ Վարադզատը պնդել է, որ գումար տա, որպեսզի գնան խմեն։ Ասյան խոհանոցի դանակը վերցրել է ու, դանակը ցույց տալով, պահանջել, որ Վարազդատը գնա։

«Տղաս, որ դանակը տեսնում ա, ուժեղ հրում ա Ասյային։ Նա էլ՝ 80-անց կին էր, հետ ա գնում, ընկնում ա ու գլուխը խփում ա պատին ու մահանում։ Հետո իրենք գնում են հարևանի՝ Մանվելի հետ շարունակում են խմել, իսկ առավոտ վեցին էդ նույն հարևանը ոստիկաններին կանչում ա, հավաքում ա ու ասում, թե տղաս մարդ ա սպանել, ընդ որում՝ դանակով։ Բայց եթե տղաս դանակով մարդ սպանած լիներ, նախ իրա շորերը արյունոտ կլինեին, հետո ինքը էդքան անաստված մարդ չէր, որ մարդ սպանելուց հետո գար նստեր ու շարունակեր խմել։ Ու հետաքրքիրն էն ա, որ Ասյան նույն հարևանի մարդու՝ Մանվելի հորեղբոր կինն ա եղել։ Եթե իմ տղան սպանել էր իրա հորեղբոր կնոջը, ինչի՞ ինքը նույն րոպեին ոստիկաններին չի կանչել, այլ շարունակել են խմել ու մենակ առավոտ 6-ին են ոստիկանություն կանչել։ Ոստիկանները եկել, Վարազդատին տարել են, ու արդեն տեսանյութում տեսնում եք, թե տղայիս հետ ոնց են վարվում»,- պատմեց տիկին Անուշը՝ պնդելով, որ Ասյային իր տղան դանակով չի հարվածել։

Անուշ Հովսեփյանի խոսքով՝ այս պատմությունը ճոխացվել է, պատահական մահը դարձվել է դանակով սպանություն, քանի որ այդ ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, աչք ուներ Կանաչուտ գյուղում իրենց մեծ տան վրա և ուզում էր տունն իրենցով անել, ինչպես Կանաչուտում շատ նման տներ ու տարածքներ:

«Տղայիս բռնվելուց հետո էդ նույն Մանվելը զանգում ա ինձ ու ասում՝ Սարգսյան Անդոն ասում ա՝ տունը չի տալի՞ս ինձ։ Ես էլ ասեցի՝ չէ, ես 4 երեխա ունեմ ու չեմ պատրաստվում մնալ Ռուսաստանում, ու եթե վերադառնամ Հայաստան, որտե՞ղ եմ ապրելու։ Մանվելը դրանից հետո ասեց՝ լավ մտածի, Անդոն ասում ա՝ թող տունը ծախի, տղուդ 10 տարի կտանք։ Ես հրաժարվեցի։ Դրանք էլ սկսում են տղայիս ծեծել-ջարդել, որ իր վրա վերցնի սպանությունը։ Վերջում էլ, քանի որ դատախազը Ալիկ Սարգսյանի ընկերն էր, տղայիս ցմահ են տալիս ու հենց դատի օրը գնում են Արտաշատ՝ Ալիկի մյուս եղբոր ռեստորանն ու նշում են։ Բայց աշխարհում տենց բան չկա, որ մի սպանության համար ցմահ տան մարդուն, թող 10-15 տարի տային, բայց ոչ՝ ցմահ։ Իսկ իմ տղային տվեցին ցմահ, որովհետև մեխն էլ էր իրենց ձեռքը, մուրճն էլ»,- պատմեց տիկին Անուշը՝ հավելելով, որ այդ օրերին իր ամուսինը գնացել է Անդրանիկ Սարգսյանի տուն, որպեսզի բացատրի եղելությունը, բայց Անդրանիկ Սարգսյանը ոստիկանություն է կանչել ու Վարազդատի հորը հեռացրել են իր տան տարածքից:

«Քաղաքի ոստիկանության պետն էլ ասել ա՝ կես ժամ ժամանակ ունես, որ ստեղից հեռանաս, թե չէ երկու հատ գերային կքցեմ կարմանդ ու կտանեմ կնստացնեմ տղայիդ կողքը»,- պատմեց տիկին Անուշը՝ հավելելով. «Սա իրենց արած միակ հանցագործությունը չի, ես էլի բաներ գիտեմ իրենց արածների մասին։ Օրինակ, թե ինչպես ա Ալիկ Սարգսյանը 1997 թվականին Ռուսաստանում ռոզիսկի տակ գտնվող մի քաղաքացու համար, որի անուն-ազգանուն էլ գիտեմ, կեղծ անձնագիր հանել՝ եզդու անուն-ազգանունով։ Դրա դիմաց այդ քաղաքացին մի տան փող ա տվել Ալիկ Սարգսյանին։ Ու քանի-քանի նման գործեր են արել, որոնք մարսել են։ Բայց իմ տղայի դեպքը չեն մարսելու։ Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ եմ գրելու և պահանջելու եմ արդարադատությունը վերականգնել։ Տղայիս տարել ցմահ նստեցրել են, հիմա էլ ուզում են ֆռռացնել, թե իբր այդ տեսանյութում ծեծվողը, խոշտանգվողը գողության համար ա բռնվել, ուրիշ ոստիկանների անուններ են տալիս։ Ես կրկնում եմ ու նորից հայտարարում եմ, որ տեսանյութում խոշտանգվողը իմ որդին է՝ Վարազդատ Հովհաննիսյանն է, խոշտանգողները Ալիս Սարգսյանի եղբայրն ու վարորդն են»,- եզրափակեց Անուշ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ է եղել 2008 թվականի մայիսի 29-ին և պաշտոնավարել մինչև 2011 թվականը։ Նրա եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, երբեք որևէ պաշտոնի չի եղել։

Հիշեցնենք նաև, որ աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»:

Մեկնաբանություններ