Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գեւորգ Գրիգորյանը ՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման խնդրին եւ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներին։

«Այո, թեստերը ունենք, հիվանդանոց ունենք դրա համար նախատեսված, բայց դեռեւս համաշխարհային մակարդակով կորոնավիրուսի հստակ բուժումը չկա եւ եթե մենք ավելի շատ գնում էինք դեպի կանխարգելում, ոչ թե բուժում, ապա շատ վաղուց պետք է սահմանները անհամեմատ ավելի լուրջ հսկողության տակ պահեինք։ Ինչեւէ, չի արվել»,-մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Գրիգորյանը։

Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետում երեկվանից հսկողությունն ուժեղացվել է։ Հարեւան Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից ևս մեկը մահացել է: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք:

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցով հայտնել էր, որ նախարարությունը հետևում է նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում ր հարևան Իրանում:

«Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում»,-գրել էր Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով, այսուհանդերձ Հայաստանը ապահովագրված չէ վիրուսի հնարավոր ներթափանցումից։ «Իմ խորին համոզմամբ, մենք պետք է կարողանանք ավելի խիստ միջոցներ կիրառել եւ հենց այսօրվանից ու հատկապես Նովրուզի շրջանում սահմանը փակել, այնքան ժամանակ, մինչեւ Իրանում երկու շաբաթվա կամ նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով այլեւս չհայտնաբերվի կորոնավիրուսի ներ դեպք, սակայն, չեմ կարծում , որ կառավարությունը կգնա դրան»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով կորոնավիրուսի առանձնահատկություններին ու ինկուբացիոն շրջանում վարակը տարածելու հնարավորությանը, Գեւորգ Գրիգորյանն ասաց. «Ես այդ մասին շատ վաղուց եմ զգուշացրել, որ ռիսկային երկրներից ՀՀ մուտք գործող ցանկացած մարդ կարանտինային հսկողություն անցնի եւ առնվազն երկու շաբաթ հնարավորություն չունենա ազատ տեղաշարժվել, սակայն դա չի իրականացվել եւ հիմա մենք տեսնում ենք, որ վիրուսը անմիջականորեն մեր կողքին է եւ ռիսկային գոտում հայտնվել ենք մենք»։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով, իրավիճակին տիրապետման առումով առողջապահության նախարարի եւ նրա թիմի հետ մեծ հույսեր չի կապում. «Նախարարը իր ասուլիսի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի թեստերը ձեռք են բերվում Չինաստանից, որ արդեն պայմանավորվածություն կա եւ այլն, բայց մենք թեստերը նվեր ստացանք Ռուսաստանից։ Սա, կարծում եմ, շատ բնութագրական է։ Ես ավելի շատ հույսեր եմ կապում վերահսկողության իրականացնողների՝ բուժաշխատողների հետ, ովքեր պետք է գրագետ մոտեցում ցույց տան բոլոր այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպ ախտանշանի արտահայտություն ունեն»։

Գեւորգ Գրիգորյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել իրանցիների հետ կոնտակտներից,իսկ բուժաշխատողներին՝ բուժառուներին սպասարկել դիմակներով, որպեսզի իրենք էլ չհայտնվեն ռիսկի գոտում ։

«Ես մի քանի անգամ ասել եմ, ուզում եմ կրկնել, որ մենք սեզոնային գրիպի պատվաստումն ուշացումով սկսեցինք, նախարարությունը չկարողացավ ժամանակին բերել պատվաստանյութերը, ինչի պատճառով մենք ունենք սեզոնային գրիպի համաճարակ, որն իր ախտանիշերով կարող է նման լինել կորոնավիրուսին»,-եզրափակեց Գեւորգ Գրիգորյանը։

Նշենք, որ վերջին տվյալներով Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ: 113 500 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.