Արաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն է կատարվել կաշառք տալ-ստանալու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արամ Ավետիսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ։

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվել Շահինյանը, ՔԿ-ից չհստակեցրին՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է և անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շահինյանն այսօր հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության, որի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին և ցուցմունք տալ։ Նա պնդել է, որ հարցաքննության հրավերի պատճառն իր հետ առնչություն չունի։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց կասկածի շուրջ։

Իսկ ենթադրյալ դեպքը, որի առթիվ քրեական գործ է հարուցվել տեղի է ունեցել 2007 թվականին, այսինքն 13 տարի առաջ։

«Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,- փետրվարի 20-ին գրել է Շահինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.