Վերմիշյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. ԱԱԾ հաղորդագրությունը չի՞ համապատասխանում իրականությանը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի փաստաբան Մուշեղ Առաքելյանը: Մեր այն դիտարկմանը, որ ԱԱԾ֊ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վերմիշյանը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր արարքը, պաշտպանը նշեց, որ «լրատվականներում շրջանառվող տեղեկատվությունը որևէ աղերս չունի գործի հետ»։

Ավելին՝ նա նշեց, որ առաջիկայում պաշտպանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, ինչը, պաշտպանի խոսքով, պատրաստվում են բողոքարկել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Ա

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

«Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը»,- փետրվարի 5-ին հայտարարել էր ԱԱԾ-ն։

Ի դեպ, նշենք, որ թեեւ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կալանավորված է, սակայն նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում վարչապետը դեռ չի կայացրել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.