Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին

Փետրվարի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Փոխադարձաբար կարևորվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:

Երկուստեք բարձր գնահատվեց  հայ համայնքի կարևորությունը Իրանի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.