Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի հարցը կորոշվի փետրվարի 1-ին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանից։

Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Դատարանը հիմնավորված չի գտել՝ կալանավորելու համար ներկայացված հիմքերը, արձանագրել, որ բացակայում է հիմնավոր կասկածը: 2019թ դեկտեմբերի 30-ին Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել նաև Ռազմիկ Աբրահամյանին ձերբակալելու քննիչի որոշումը` արձանագրելով, որ դրա համար չի եղել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքն ու նպատակը:

Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է դեկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ ծնողին երեխայից ապօրինի բաժանելու կասկածանքով։ Իսկ դեկտեմբերի է 19-ին քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ դիմել էր նախաքննական մարմնին՝ խնդրելով հայտնել, թե քրեական գործով քանի տուժող կա, ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել, եթե հայտնաբերվել են, ապա նրանք ում կողմից են որդեգրված՝ ՀՀ քաղաքացիների կողմից, թե օտարերկրացիների, հայտնաբերվել են արդյոք ապօրինի որդեգրված երեխաների կենսաբանական ծնողները, քանի ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։

Քննչական կոմիտեն 26.12.2019թ. գրավոր պատասխանում հրաժարվել էր նշված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, թե թույլատրելի համարված տեղեկատվությունն արդեն հրապարակված է քննչական կոմիտեի կայքում։ Սակայն հետագայում հայտարարեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն չի նշանակվել, որեւէ արտաշիրիմում չի կատարվել, որեւէ «ապօրինի» որդեգրված երեխա չի վերադարձվել Հայաստան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.