ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանը դիմել է ՀՔԾ՝ պահանջելով հայտնել՝ արդյոք Հանրային ՀԸ-ին տեղեկատվություն է տրամադրել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ դիմել է ՀՔԾ՝ քննիչից պահանջելով հայտնել, թե արդյո՞ք ՀՔԾ-ն է հայտնել տեղեկատվությունը։

«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթւոմ գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է Հատուկ քննչական ծառայության կողմից»,- գրել է Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ քննիչին ուղղված դիմումում։

Փաստաբանը հիշեցրել է, որ մինչդատական վարույթի գաղտնիության առավելագույն ապահովման օրենսդրական սկզբունքը ենթադրում է, որ քննչական մարմիններին և դատախազությունը պետք է առավելագույնս զերծ մնան ՍԴ դատավորի մասնակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տվյալների, դրանց վերաբերյալ իրենց ենթադրությունների, դատավորին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման և դրա հիմքում դրված ենթադրյալ փաստական հանգամանքների հրապարակումներից։

«Ընդ որում, նորմի տառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը մինչև մինչդատական վարույթի ավարտը»,- գրել է Պողոսյանը։
Փաստաբանը ՀՔԾ քննիչին խնդրել է հայտնել, թե արդյո՞ք իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը որևէ տեղեկատվություն է տրամադրել։

«Եթե այո, ապա ի՞նչ իրավական ընթացակարգի կարգավորումների հիման վրա է նշված տեղեկությունը տրամադրվել Հանրային հեռուստաընկերությանը՝ շրջանցելով «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները»,- գրել է Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը արձագանքել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքների վերաբերյալ Հանրային ՀԸ-ում եթեր հեռարձակված տեսանյութին՝ այն գնահատելով որպես հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ։
Նշված տեսանյութն այսօր տարածել էր նաեւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։ Ինչին ի պատասխան փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։«Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- գրել էր Մակինյանը։

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետն ուղղակի ամրագրում է՝ «Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.