Հոգեկան խնդիրներով անձը վնասում է շրջապատին. սահմանվել են հոգեբուժարաններում մեկուսացման կանոնները

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

 


Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:


Նախարարը նշեց, որ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը և պայմանները, այդ թվում սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

Նախագծով առաջին անգամամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության հնարավորությունը:

Ամրագրվել են հոգեկան խնդիրներ ունեցող անձի՝ բժիշկ հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում տեղեկությունների որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողությամբ կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավեր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ դրանց իրականացման համար, ապահովել դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված կարգավորումները»,-ասաց նախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մարդկանց մեկուսացումից, այդ թվում հոսպիտալացումից: «Հասկանալով, որ Հայաստանն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաև մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաև ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնենք»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը արձագանքեց, որ ոչ հոժարակամ բուժումը այն դեպքում է, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր և շրջապատող անձանց համար. «Դա կատարվում է դատարանի որոշմամբ: Դա բխում է հենց այդ անձի և հասարակության շահերից: չեմ կարծում, որ այս կարգավորումը մեր երկրի անպատրաստությունից է բխում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է. «Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում ՔԿՀ, իսկ եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրին անդրադարձավ այլ տեսանկյունից. Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդը իր տանն ագրեսիվանում է, ընտանիքի անդամները խնդրում են իրեն տեղափոխել հոգեբուժարան, և այդտեղ հարցը պետք է լուծվի նաև ոստիկանության օգնությամբ:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա. «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձևն է եղել մարդուն մեկուսացնելու հոգեբուժարանում: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք, հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ»:

Արսեն Թորոսյանը նկատեց, որ հոգեբուժարանները հեռու են 5-աստղանի հյուրանոց լինելուց, բայց պայմանները շարունակաբար բարելավվում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.