Ողբերգական վրաերթ Երևանում. 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը КамАЗ-ով թիվ 152 դպրոցի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել է

 
Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 152 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.