Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ:

Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.