Դատավորի պատուհաններին կրակելու գործը կքննի Քննչական կոմիտեն

Քննչական կոմիտեն ստացել և վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 21-ին՝ ժամը 18։15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ դատարանի երկրորդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նախօրեին հայտնել էր, որ կրակոցն արձակվել է դեռեւս տոնական օրերին։ «Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտնաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն` նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավելևս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին»,- ֆեյսբուքում գրառել է Գ.Աբրահամյանը:

Նշենք, որ Տաթեւիկ Գրիգորյանն այն դատավորն է, որը քննել է Ժիրայր Սեֆիլյանի գործը ու նրան մեղավոր ճանաչել զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ժ.Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայոց Ցեղասպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.