ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը․ Սարգիս Գրիգորյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է GPARTNERS իրավաբանական ընկերության կառավարիչ Սարգիս Գրիգորյանը։

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։

Այսպիսով, պրն. Խաչատրյանը չի անդրադառնում այն հարցին, թե արդյոք 300.1-րդ հոդվածը բավարարում է ՄԻԵԴ-ի նախադեպերով ձևավորված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, որոնք ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտներ են։ Հարկ է նշել, որ որոշակիությունը իրավունքի գերակայության հիմնարար հենասույներից մեկն է։ Ավելին, զրուցակիցը նաև չի անդրադառնում «օրենքի որակի» գործոնների բացակայությանը։ Այդ գործոնները նույնպես հստակ ամրագրված են ՄԻԵԴ-ի պրակտիկայում և կոչված են ապահովելու կամայականություններից պաշտպանության երաշխիքները, որոնք ակնհայտորեն չեն տրամադրվում թե՛ քննչական և թե՛ դատախազական մարմինների կողմից, ինչպես նաև դատարանների կողմից։

Այսպիսով, 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իրավական որոշակիության պահանջներին և չի ապահովում այդ նորմի կանխատեսելիությանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ներքին օրենսդրությամբ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, այնպես, որ այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որը պահանջում է, որ բոլոր օրենքները բավականաչափ հստակ լինել, որպեսզի անձը կարողանա կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել իր կողմից կատարված գործողությունները։

Կարևոր է նար ընդգծել, որ 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում նաև Եվրամիության արդարադատության դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավական որաշակիության սկզբունքին` որը պահանջում է իրավական նորմի (1) կայունություն (օրինական ակնկալիքներ սպասելիքներ) և (2) պարզություն (օրենքի մատչելիություն և կանխատեսելիություն):

Պետք է նաև նշել, որ և՛ օրենսդիրը, և՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը դիտարկել են որակապես նոր՝ ինքնուրույն հանցակազմ, այլ ոչ թե նախկինում առկա հանցակազմի խմբագրում կամ տեխնիկական բնույթի փոփոխություն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, ուղղակիորեն նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Միաժամանակ, ԱԺ-ի կողմից 300.1-րդ հոդվածը բարձր մակարդակի հստակության աստիճանով օժտված չլինելու փաստը նույնպես արձանագրվել է, ինչը, ՄԻԵԴ-ի նախադեպի լույսի ներքո, ևս կարևոր հանգամանք է:

Ավելին, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ 300.1-րդ հոդվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին կիրառելի չէ։ Այսպիսով, 2008 թվականին հարուցվել էին մի շարք գործեր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։ Այնուհետև 2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում էր կայացվել քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու մասին։ Որպես քրեական հետապնդումից հրաժարվելու պատճառաբանություն նշվել էր, որ 2009 թվականի մարտի 18-ին ըն-դունված քրեական օրենսգրքում փոփոխություններով և լրացումներով, ըստ էության, սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ Դատախազների այդ որոշումը նաև ասում է, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ ամբաստանյալների՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի առանցքային բաղադրիչներից մեկը, և քրեական օրենսգրքի նորմերի կանխատեսելիությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դրա համապատասխանությունը որոշվում է նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունների շրջանակներում:

ՄԻԵԴ-ի պրակտիկայում, Կոնվեցիայի 7-րդ հոդվածի դեպքում կիրառված օրենքի որակը ուսումնասիրելիս կիրառողը. «պարտավոր է, մասնավորապես, համոզվել, թե արդյո՞ք օրենքի տեքստը, դա մեկնաբանող դատական նախադեպերի ընդհանուր համատեքստում բավարարում է մատչելիության և կանխատեսելիության պահանջներին: Այս դեպքում դատարանը պետք է ուշադրություն դարձնի ներպետական օրենսդրությունը, որպես ամբողջություն և այն, թե ինչպե՞ս է այն կիրառվել խնդրո առարկա ժամանակահատվածում» (Kafkaris v. Cyprus):

Ավելին, ՄԻԵԴ-ն, անդրադառնալով մեկ այլ գործով, մասնավորապես՝ Էստոնիայի դատախազության որոշակիորեն նման գործողություններին, երբ դիրքորոշման կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել, արձանագրել էր, որ. «… այն արմատական փոփոխությունը, որ տեղի է ունեցել կիրառելի նորմի մեկնաբանման ժամանակ, տվյալ իրավիճակում նույնպես ակնառու է դարձնում այդ նորմի անբավարար հստակությունը և կանխատեսելիությունը» (Liivik v. Estonia): Հենց այդ գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում»,-գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.