Հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով գործը կքննի ԱԱԾ-ն

«Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման դեմ բողոքի հիմքում եղել է երկու կոմպոնենտ. Անահիտ Բախշյանի՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը, եւ լրիվ, օբյեկտիվ, բազմակողանի քննություն չիրականացնելը»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բախշյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը:

Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Անջատված այդ մասը վերաբերում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին եւ հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004թ. նոյեմբերի 11-ին՝ նախաքննությունն իրականացնող քննիչի որոշմամբ: Նախաքննական մարմինը հանցակիցների դրվագով արձանագրել էր հանցագործության դեպքի բացակայություն, երկու անձանց կողմից ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով՝ ապացույցների անբավարարություն, հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով՝ հանցակազմի բացակայություն:

Մեր զրույցում Բախշյանի ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանը մանրամասնեց, որ  խախտվել են իր վստահորդի՝ որպես տուժողի իրավահաջորդի իրավունքները, որ նախաեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հովածով. «Անահիտ Բախշյանը դեռեւս 2004 թվականին չի ծանոթացել գործի ամբողջական նյութերին, ամբողջական գործը, իհարկե, 57 հատոր է, բայց անջատված մասը 17 հատոր գործ է եղել, նա դրանց ծանոթ չի եղել, չի տեղեկացվել ավարտի մասին, չի կարողացել ներկայացնել միջնորդություններ, բացարկներ, այսինքն՝ չի կարողացել լիարժեք իրացնել տուժողի իրավահաջորդի իր իրավունքները, որոնք սահմանված են ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլ նաեւ միջազգային փաստաթղթերով, որոնց մաս ենք կազմում նաեւ մենք»:

Մեջլումյանի խոսքով՝ այդպիսի փաստաթղթերից են ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի հանձնարարականները, որոնց համաձայն՝ պետությունները պետք է առավելապես ուշադրություն դարձնեն նաեւ տուժողների իրավունքներին, տուժողները պետք է իրազեկված լինեն իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի ընթացքից. «Այսինքն՝ խախտվել են տիկին Անահիտ Բախշյանի՝ թե ներպետական օրենսդրությամբ սահմանված, թե միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքները»:

Երկրորդ հիմքը, ըստ Մեջլումյանի, վերաբերել է նրան, որ չի կատարվել լրիվ, օբյեկտիվ, բազմակողանի քննություն. «Այս մասին շատ մանրամասներ ասելչեմ կարող, որովհետեւ գոյություն ունի նախաքննական գաղտնիք, բնականաբար, մեր բողոքի բավարարմանը նախաքննություն է հետեւելու, եւ մենք կաշկանդված ենք նախաքննական գաղտնիքով, ուստի ես չեմ կարող փաստական տվյալներին անդրադառնալ: Բայց այն, որ տեղի չի ունեցել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, եւ որ 2004 թվականի կարճման որոշումը պատճառաբանված եւ հիմնավորված չէ, մենք արտացոլել ենք մեր բողոքում»,-ասաց փաստաբանը:

Նրա համոզմամբ՝ կան իրավական բոլոր հիմքերը՝ անդրադառնալու եւ առերեսվելու նախկին իրավական-քաղաքական համակարգերի ժամանակ քննված գործերին. «Անշուշտ, պետք է այդ առերեսումները լինեն: Եթե մենք ուզում ենք սկսել նոր սպիտակ էջից եւ ունենալ իսկապես իրավական պետություն, ապա այդ բաժանարար գիծը պետք է դնենք, եւ դա պետք է լինի միայն ու միայն արդար դատաքննության իրավունքի իրացմամբ»,-նշեց Զարուհի Մեջլումյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից էլ տեղեկացանք, որ ըստ քրեական գործի նյութերի՝  2004թ. նոյեմբերի 11-ին քրեական գործով վարույթը կարճվելուց հետո նույն օրը դրա վերաբերյալ որոշումն ուղարկվել է գործով շահագրգիռ անձանց, սակայն այն ստանալու մասին վկայող տվյալ գործում առկա չէ. «Ելնելով այն հանգամանքից, որ տուժողի իրավահաջորդը, ըստ էության, հնարավորություն չի ունեցել քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջ ծավալով իրականացնելու իր իրավունքները, այդ շրջանակներում նաև բողոքով նշված որոշ հանգամանքների կապակցությամբ բազմակողմանի և լրիվ քննություն կատարելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման հնարավորություն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Ա. Բախշյանի և Զ. Մեջլումյանի ներկայացրած բողոքը բավարարվել է և վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004թ. նոյեմբերի 11-ի որոշումը»,-փոխանցեց Աբրահամյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ քրեական գործով նախաքննությունը կիրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը. «Քրեական գործից անջատված մասն ուղարկվել է ԱԱԾ՝ վարույթ ընդունելու»:

Հիշեցնենք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մի խումբ անձինք մտել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ կրակ բացել: Ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատավոր Սամվել Ուզունյանի հրապարակած վճռով ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչներից 6-ը՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման:

 

Միլենա Խաչիկյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.