Գեղամ Գեւորգյանը ստում է, ես դիմադրություն ցույց չեմ տվել. ԵՊՀ ՈւԽ նախագահը՝ իրեն բերման ենթարկելու դեպքի մասին.

Արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը հայտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի բարեկամներ, ընկերներ, ուսանողներ եւ դասախոսներ,

 

Նախ շնորհակալ եմ օրվա ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար: Իմ նկատմամբ ձեր վստահությունը եւ սրտացավությունը առավելագույնն է, որ հնարավոր է ձեռք բերել կյանքում:

Իսկ հիմա եղածի մասին:

Քրեական գործի առիթ դարձած միջադեպի հաջորդող եւ նախորդող ժամերին ես եղել եմ Կենտրոնական մասնաշենքի վեցերորդ հարկում եւ մասնակցել եմ ՈւԽ կազմակերպած հրապարակային միջոցառմանը: Այսինքն, միջադեպի հետ որեւէ կապ ունենալ չեմ կարող:

Հարցաքննության ծանուցագիր չի եղել: Բերման ենթարկելու որեւէ օրինական հիմք չի ներկայացվել: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատրաստ էի փաստաբանի հետ միասին 14:00-ին լինել Ոստիկանությունում: Բայց այդ ժամանակը չտրվեց ինձ: Ինձ անհասկանալի պատճառներով 13:10-ին բերման ենթարկեցին:

Առհասարակ, ձեռնաշղթաներ օգտագործում են այն մարդու նկատմամբ, որը վտանգ է ներկայացնում հանրության համար: Կարծում եմ` այդպիսին չեմ: Բացի դա, ո՞վ է տեսել՝ վկայի կարգավիճակ ունեցող մարդուն ձեռնաշղթաներով բերման ենթարկեն: Այն էլ առանց որեւէ ծանուցման:

Փաստաբանիս հետ բողոքարկելու եմ ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ փորձ է արվել ապօրինի գործողությունների միջոցով իմ անունը վարկաբեկել: Չի ստացվելու:

Ինձ հարցաքննել են որպես վկա: Երբ հարցրել եմ, թե ինչու են ինձ վկայի կարգավիճակ տվել այն պարագայում, երբ ես դեպքի վայրում չեմ եղել առհասարակ, ինձ պատասխանել են, որ Ուսխորհրդի նախագահն եմ: Զավեշտալի է: Նման տրամաբանությամբ, օրինակ, քաղաքապետը պետք է վկայի կարգավիճակ ունենալ քաղաքում տեղի ունեցած բոլոր քրեական գործերում:

Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ես հայտնվում եմ ոստիկանական բաժանմունքում: Առաջին անգամ կանչել էին ԵՊՀ-ում տեղի ունեցած մի միջադեպի առթիվ, որը եղել էր իմ` Բանակում ծառայելու տարիներին: Բայց ոչինչ, չեմ տրտնջում: Ինչպես ասում են` սա էլ է տղու համար:

հ.գ. մամուլից տեղեկացա, որ Ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը ասել է, թե ինձ ձեռնաշղթաներով բերման են ենթարկել, որովհետեւ ես դիմադրություն եմ ցույց տվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստում է։ Ես դիմադրություն ցույց չեմ տվել: Իսկ թե ինչու է նա ստանձնել Ոստիկանության գործողությունները արդարացնողի դերը, ինձ համար դեռեւս մնում է անհայտ...»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.