Չինաստանը հունվարի 1-ից կիջեցնի ավելի քան 850 տեսակի ներմուծվող ապրանքների սակագները

Չինաստանի իշխանությունները 2020 թվականի հունվարի 1-ից կիջեցնեն ավելի քան 850 տեսակի ներմուծվող ապրանքների տուրքերը։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Պետխորհրդի սակագնային եւ հարկային քաղաքականության կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտասահմանից ներմուծման ընդլայնման եւ երկիր ներմուծման ծավալի ընդլայնումն ուժեղացնելու նպատակով 2020 թվականի հունվարից ավելի քան 850 տեսակի ապրանքների տուրքերը կփոխվեն եւ ավելի կիջեցվեն, քան սակագներն այն երկրների համար, որոնք կստանան առավել նպաստավորության ռեժիմ»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Ընդգծվում է, որ նման միջոցներն ընդունվել են՝ բավարարելու համար օտարերկրյա արտադրանքի սպառման աճող պահանջարկը։

Տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են Չինաստանի ֆինանսների նախարարության կայքում, կիջեցվեն պարենային մթերքների, արդյունահանման եւ քիմիական արդյունաբերության արտադրանքի լայն տեսականու, ինչպես նաեւ նավթամթերքների, մասնավորապես՝ ավիացիոն կերոսինի (9 տոկոսից 0 տոկոսի) եւ դիզելային վառելիքի (6 տոկոսից 1 տոկոսի), հագուստի ու գորգերի (6 տոկոսից 5-ի), արդյունաբերական, հեռուստատեսային եւ մասնագիտացված սարքավորումների, օպտիկական սարքերի եւ տրակտորների որոշ տեսակների, էլեկտրագեներատորների տուրքերը։

Ինչպես նշում է ֆինանսների նախարարությունը, 2020 թվականի հուլիսի 1-ից կիջեցվեն նաեւ հեռահաղորդակցային սարքավորումների եւ օրգտեխնիկայի սակագները։ Հաջորդ տարի, ընդգծել են նախարարությունում, Չինաստանի իշխանություններն ավելի կիջեցնեն 23 երկրներից եւ տարածաշրջաններից ստացվող ապրանքների տուրքերը, որոնց հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ առեւտրային սահմանափակումները հանելու վերաբերյալ, այդ թվում՝ Ավստրալիայի, Վրաստանի, Իսլանդիայի, Կոստա Ռիկայի, Նոր Զելանդիայի, Պակիստանի, Պերուի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Շվեյցարիայի եւ Չիլիի ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.