Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են  հնդիկից կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ։ Քրեական  գործով դատական նիստը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր ընթացավ լարված մթնոլորտում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրյալները երեքն են, որոնցից 2-ը՝ ԱԱԾ աշխատակիցներ, տուժողը՝ մեկը։ Ըստ մեղադրական եզրակացության ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության  բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանը, տեղյակ  լինելով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա չարտաքսելու դիմաց կաշառք պահանջել՝  այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Այսօրվա դատական նիստում նախատեսվում էր տուժողի՝  Հնդկաստանի քաղաքացու հարցաքննությունը, սակայն այն տեղի չունեցավ, որովհետեւ պարզվեց, որ չի վստահում իր թարգմանչին։ Կաուշիկի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը  բացարկ հայտնեց ներգրավված թարգմանչին՝ նշելով, որ իր վստահորդը ցանկանում է այլ թարգմանիչ ներգրավել, քանի որ դժգոհություն ունի ներկայիս  թարգմանչի՝ թարգմանության որակի կապակցությամբ։ Իսկ վերջինս էլ  իր հերթին հրաժարվեց տուժողին՝ թարգմանչական ծառայություններ մատուցելուց՝ նշելով, որ տուժողը  չի վստահում իրեն։

Բացարկին միացավ դատախազը, իսկ պաշտպանական կողմը  դեմ արտահայտվեց։ Ամբաստանյալ Էդիկ Ափոյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝  հայտարարեց, որ  թարգմանիչը որակյալ թարգմանություններ է իրականացնում և տուժողը, իր համոզմամբ, հաճույք է ստանում, երբ տեսնում է, որ կեղծ պատմությամբ այժմ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձինք կալանավորված են։ Փաստաբանի համոզմամբ՝  տուժողը ստում է, սակայն դատարանն ընդհատեց փաստաբանին՝  նշելով, որ սուտ խոսելու մեջ մեղադրելու համար ապացույցներ են պետք։

Պաշտպանը պնդեց, որ տուժողը կեղծ ցուցմունք է տվել եւ նշեց, որ պատասխանատու է իր հայտարարության համար։ Ըստ նրա՝ տուժողն   օգտվում է ՀՀ դատավարությամբ նախատեսված իրավունքներից՝ հետապնդելով  ոչ բարեխիղճ կոնկրետ նպատակ՝ սպաներին և ևս մեկ քաղաքացու կալանքի տակ պահելու համար։

Ա.Սարդարյանը նաեւ հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝  իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Ընդ որում՝ ԱԱԾ պաշտոնյայի համար պատրաստակամություն էին հայտնել երաշխավորել երկու պատգամավոր՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Համբարձումյանը, որոնք ներկայացել էին այսօրվա դատական նիստին։  

Սակայն խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանում այսօր քննարկման առարկա չդարձավ, թեեւ թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց, քանզի մինչ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝  որոշում կայացնելու, դատախազը հեռացել էր՝ առանց դատարանին տեղյակ պահելու։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 23-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.