Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանն ազատ է արձակվել։ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով՝ գրավի չափ սահմանելով 2 մլն դրամը։

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթյունի եեղանակով սպանության փորձ էր տեղի ունեցել Մ.Մանուկյանի նկատմամբ՝ միջպետական ճանապարհի վրա՝ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ։

Մասնավորապես՝ արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված է եղել պայթուցիկ նյութ, որը պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են այդ տարածքին: Ավտոմեքենայի ղեկին եղել է Մելիք Մանուկյանը։

Պայթյունից ժամեր անց գործարարի ավտոմեքենան դեպքի վայրից վարելով հեռացրել է թիկնապահը, որը նրան ամրակցված է օրենքով սահմանված կարգով, ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչի կապակցությամբ հարուցվել է առանձին քրեական գործ՝ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Օգոստոսի 3-ին գործարարի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով՝ առանց նրան ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու որոշում ունենալու։ Ռ.Մանուկյանը հրաժարվել էր առանց օրինական հիմքի գնալ ոստիկանություն, սակայն նա հարկադրաբար տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ, ըստ նրա հայտարարության, ենթարկվել է բռնության։

Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։ Այդուհանդերձ, նրան առաջադրվել է մեղադրանք ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Ընդ որում՝ նախաքննության փուլում մեկ անգամ գործարարի եղբոր նկատմամբ գրավ կիրառվել է՝ 800 հազ դրամի չափով, սակայն դատախազը բողոքարկել էր գրավի կիրառման դեմ և Վերաքննիչ դատարանը գրավն անթույլատրելի էր ճանաչել ու կրկին կալանավորել Ռոբերտ Մանուկյանին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշել էր, որ ազատության մեջ գտնված ժամանակ Ռոբերտ Մանուկյանը հավուր պատշաճի վարք է դրսևորել և որևէ խնդիր չի առաջացրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենայի դրվագով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել դատարան։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատավոր Վ.Ստեփանյանը փոխել է Ռ. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ գրավի կիրառումը թույլատրելի համարելով։ Ավելին՝ արձանագրել է, որ «Ռ. Մանուկյանը նախաքննության ընթացքում կալանքից ազատվելուց հետո շուրջ երկու ամիս գտնվելով ազատության մեջ` դրսևորել է պատշաճ վարքագիծ»։

Ռոբերտ Մանուկյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

Նշենք, որ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ռ.Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ։ Գործարար Ռ. Մանուկյանը իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.