Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 165-Ա հանձնարարագրի հիման վրա նոյեմբերի 26-28-ը ներառյալ ստուգումներ են իրականացրել  ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում։ Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։

Մասնավորապես՝ բժշկական կենտրոնի տանիքի շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, բացակայել են արտաքին հրշեջ սանդուղքը, շինության տանիքի պարագծով տեղակայված չի եղել մետաղական ճաղաշար, բացակայել է արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում կամ դրանից դուրս նախատեսված հրշեջ հիդանտը կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանը, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն եղել փողակով և փողրակով։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ, որը հանձնվել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Լ․ Կարապետյանին, ինչպես նաև տրվել է համապատասխան կարգադրագիր՝ նշված թերությունները վերացնելու վերաբերյալ։

Բժշկական հաստատությունում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարհանման, բուժհաստատություններում հրդեհային անվտանգության, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների և սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառման վերաբերյալ։

Մեկնաբանություններ