Գյումրիում բերման են ենթարկել գործարար Շեկոյին

Քիչ առաջ Գյումրիում բերման են ենթարկել գործարար Գագիկ Ուզունյանին` Շեկոյին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու հետ կապված ծեծկռտուք էր տեղի ունեցել.Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը  գրառում էր կատարել` նշելով, որ իր ընկերոջը Անի թաղամասում գտնվող Ջավախք խանութի դիմաց  ծեծել են, նրա միջոցով սպառնացել իրեն:

Պատճառը եղել էր  Կարեն Սարուխանյանի`  Ռոբերտ Քոչարյանի կողմից ծաղկեպսակ ուղարկելու առթիվ հնչեցրած քննադատությունը: Պատգամավորը դիմել էր ոստիկանություն: Կարեն Սարուխանյանը նշել էր, որ միջադեպի մասնակիցներից մեկը Շեկոն է: Քիչ առաջ Շեկոյի ընկերը` Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի մտնելիս ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է իր մեքենան, նրա բառերով ասած` հարձակվել են իր մեքենայի վրա ու քաղաքացիական հագուստով անձինք` առանց բացատրության,  ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Շեկոյին: Մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեն` ուր են տարել նրան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.