BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր, դեկտեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում, Բժշկական համալսարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։

 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները, դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Քիչ առաջ վարորդին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա․ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, իսկ այդ պահին փողոցում արտաքին լուսավորություն չի եղել։ Եվ միայն դեպքից հետո են լույսերը միացրել»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.