Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ (տեսանյութ)

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեցին պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների և շփումների կարևորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման և խնդիրների վերհանման գործում: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները և գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին: 

Զրուցակիցները կարևորեցին ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրեց Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.