Բացարկի դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքաննության իրավունքը. Օրբելյան

Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Այս մասին դատարանում հայտարարեց Ռ.Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազները դատավորին ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդություն։ Որպես հիմք դատախազները նշել են ֆեյսբուքյան մի գրառում՝ դատավորներ Վազգեն Ռշտունուն, Արշակ Վարդանյանին եւ Մխիթար Պապոյանին վերագրելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի փոխարեն որոշման գրելը։ Մխիթար Պապոյանն իրեն զրպարտելու համար դիմել էր ԱԱԾ, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Դատավորները նշված գործով չունեն դատավարական որեւէ կարգավիճակ, անգամ չեն հարցաքննվել։
Ա. Օրբելյանը նշեց, որ ցանկացած քրեական գործով կարող է որեւէ մեկի մտքով անցնել զրպարտել դատավորին, բայց դա հիմք չէ, որ ինքնաբացարկ հայտնի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ փաստաբանն անդրադառնալով տուժող կողմի ներկայացրած այն հիմքին, թե ինչ-որ փաստաթղթեր կան առ այն, որ դատավորներն անկախ չեն եւ կառավարությունը գործողություններ է ձեռնարկում անկախությունը վերականգնելու ուղղությամբ Օրբելյանը նշեց, որ նման փաստաթղթի ծանոթ չէ։ «Բայց, եթե անգամ ընդունենք, որ տեսականորեն այդ փաստարկը հիմնավոր է, ապա չեք կարող ինքնաբացարկ հայտնել, որովհետեւ այդ փաստարկը կարող է կիրառվել ցանկացած այլ դատավորի նկատմամբ։ Իսկ եթե չի կարող ձեւավորվել արդարադատություն իրականացնող այլ մարմին, համապատասխանաբար միջնորդությունը պետք է մերժվի։ Իրավական հիմքերը բացակայում են»,- հայտարարեց փաստաբանը։

Ըստ նրա՝ եթե դատավորը ինքնաբացարկ հայտնի, ապա կխաթարվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ ինքը իրավունք ունի, որ դատարանն առանց օբյեկտիվ հիմքերի ինքնաբացարկ չհայտնի եւ չզրկվի դատական պաշտպանության իրավունքից։

Մանրամասները տեսանյութում

Մեկնաբանություններ