«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: Համերգներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի (Europäische Kulturstiftung EUROPAMUSICALE) հրավերով ու աջակցությամբ նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացավ երգչախմբի առաջին համերգը, որում հանդես եկավ նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչեցին նաև Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի ունեցավ նաև Հակոբ Մազլումյանի Silence (Լռություն) ստեղծագործության պրեմիերան:

Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի (ASBL Centre Socio-Culturel Armenien de Belgique) հրավերով ու աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացավ երգչախմբի երկրորդ համերգը: Հնչեցին մեծամասամբ Կոմիտասի, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

Երկու համերգներն անցան բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ ընդունեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.