Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հրաժարական չտան և չհեռանան ՍԴ-ից

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համամիտ չէ ընդդիմադիր պատգամավորների այն կարծիքների հետ, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը դատավորների համար նվաստացուցիչ է։

«Ես էլ ասում եմ, որ սա պատվով հեռանալու հնարավորություն է, այն չի կարող որակվել որպես նվաստացուցիչ։ Ավելին ասեմ՝ գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքով կարգավորում կա, որ մինչև տարիքային շեմը լրանալը Սահմանադրական դատարանի դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։

Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հրաժարական չտան և չհեռանան ՍԴ-ից։ Արդարադատության նախարարը նկատեց՝ կարելի է Սաhմանադրական բարեփոխումներ կատարել։ Կառավարությունը նախաձեռնել է նաև Դատական օրենսգրքի Սահմանադրական օրենքի փաթեթ, որով ներդրել են կարգապահական վարույթների հարուցման նոր մեխանիզմներ, գույքային դրության ստուգման նոր մեխանիզմներ։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ դրանք կվերաբերեն ոչ միայն ՍԴ դատավորներին, այլև ամբողջ դատական համակարգին և հնարավորություն կլինի ստուգել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքությունը։ Ռուստամ Բադասյանը այն կարծիքին չէ, որ որևէ գործիքակազմ, որը ներդրվելու է դատական համակարգը բարելավու համար, որևէ արդյունք չի ունենա։

«Իշխանությունը նպատակ ունի ներդնել բարեվարքության ստուգման այնպիսի մեխանիզմեր, որը հնարավորություն կտա թե՛ դատական համակարգում, թե՛ պետական այլ մարմիններում, ունենալ այնպիսի մեխանիզմեր, որպեսզի հանրության վերաբերմունքը այդ մարմինների նկատմամբ բարձրանա։ Այն թեկնածուները, որոնք հետագայում կընդգրկվեն դատական համակարգում, նոր ձևավորեվելիք հակակոռուպցիոն մարմնում, հանրությունը վստահ լինի, որ այդ մարմիններում աշխատանքի են անցնում այն մարդիկ, որոնք կոչված են կոռուպցիայի դեմ պայքարել կամ արդարադատություն իրականացնել»,- ընդգծեց Ռուստամ Բադասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.