Բրատիսլավայից առաջ Լավրովը կայցելի Բաքու

Դեկտեմբերի 2-3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:  Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Ուշագրավ է, որ Սերգեյ Լավրովի այցը Բաքու տեղի կունենա Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից առաջ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում էր։ Լավրովը, հիշեցնենք, Երեւանում ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորապես անդրադառնալով ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին, Լավրովն ընդգծել էր, որ բանակցությունների  մասնակիցներն պետք է համաձայնեցնեն եւ որոշեն իրենք՝  կողմերը։ «Բոլորին է հասկանալի, որ առանց ԼՂ  -ի բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ամրագրելն անհնարին կլինի։ Հայաստանը դա ուղղակի չի ստորագրի ։ Մենք հենց դրանից էլ ելնում ենք»,-ասել էր Լավրովը։

Իսկ հարցին, թե այն իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է մերժել ԼՂ ժողովրդի ինքորոշման իրավունքը, արդյո՞ք իրատեսական է բանակցային գործընթացում առաջընթացի ակնկալիքը, Սերգեյ Լավրովը հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի՝  հայտարարությունը, թե հիմնախնդրի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի շահերից,  ու նշել, որ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք կողմերը քննարկում են եւ բոլոր դեպքերում, այդ սկզբունքնեը պետք  հաշվի առնվեն։  

«Վերջնական կարգավորումը պետք է հաշվի առնի այդ սկզբունքները, մնացածը դիվանագիտական արվեստի  եւ փոխզիջումների պատրաստակամության հարց է։ Մենք, որպես միջնորդներ, ջանքեր ենք գործադրում , որ այդ փոխզիջումը լինի արդար եւ արտացոլի շահերի արդարացի հավասարակշռությունը»,-Երեւանում հայտարարել էր Լավրովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.