Մայրը դատապարտյալների հիվանդանոցում գտնվող որդու համար նստացույց է անում կառավարության դիմաց

Շիրակի մարզի Գյումրու բնակիչ Գայանե Պոլեյանը  դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր որդու՝ Գոռ Պոլեյանի համար նստացույց է անում։ Այստեղ են նաև ամուսինը և ընտանիքի հարազատները։

«Իր կալանքի յոթը տարին արդեն անցկացրել է բերդում, որի ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ․ ունի շաքարային դիաբետ, որը ձեռք է բերել տվյալ միջավայրում, տարիների ընթացքում դարձել է ծանր շաքարային դիաբետ՝ կետոցետոզով ինսուլինի պահանջով»,- ասաց Պոլեյանը։

Կինը նշեց, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վաղաժամկետ ազատ է արձակել որդուն, և 8 ամիս ազատության մեջ լինելուց հետո դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը բավարարել է, և որդին նորից կալանավորվել է։ 

«Ութ ամսվա ընթացքում որդիս ոչ մի ավելորդ բան չի արել։ 8 ամսվա ընթացքում 5 անգամ պառկել է հիվանդանոցներում իր առողջությունը վերականգնելու համար՝ չհաշված, որ իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա»,- ընդգծեց Գայանե Պոլեյանը։

Ըստ Պոլեյանի՝ հատուկ հանձնաժողովը հաստատել է, որ որդու հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն դատարանը այսօր առավոտյան մերժել է ազատման միջնորդությունը։

Նա հավելեց, որ դիմում են գրել կառավարությանը, սակայն դեռևս պատասխան չի ստացել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Արդարադատության նախարարություն դիմելուց հետո պատասխան է ստացել, որ վերջիններն իրավունք չունեն միջամտել դատական գործընթացներին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.