Հայկ Սարգսյանը լոբբինգ է անում մեծահարուստների խավի շահերը, որ իրենց զավակները չծառայեն բանակում

Մեզ մոտ բանակի համալրվածությունը, հաշվի առնելով արտագաղթը, ազգային անվտանգության խնդիր է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագծին, որով պատգամավորն առաջարկում է, որ զինծառայությունից խուսափող քաղաքացիների համար ստեղծվի հնարավորություն ՝ 10 միլիոն դրամ վճարելով ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով։

«Երբ վարորդն առաջին անգամ տեսնում է բժշկական վիրահատական սարքեր և նրան բացատրում են, թե դա ի՞նչի համար է, դա չի նշանակում, որ ինքը կարող է վիրահատություն անել։ Այդ մարդիկ նվազագույնը պետք է Հայաստանի և Արցախի շուրջ աշխարհաքաղաքական իրողություններին ծանոթ լինեն »,- ասաց Նահապետյանը։ Ըստ Նահապետյանի՝ այդ գումարը բավականին մեծ գումար է, որը կարող են ունենալ բավականին ունևոր մարդիկ՝ մեծահարուստները, ինչն էլ իր հերթին նոր ուղի կբացի առանց այն էլ խեղված սոցիալական արդարության համար։

«Այսինքն՝ մեծահարուստների զավակները կարող են չծառայել բանակում, իրենց պարտքը հայրենիքին չտալ և ընդամենը գումար վճարել, այնինչ՝ սահմանին պետք է ծառայի չունևորը»,- նշեց Նահապետյանը։ Ռազմական փորձագետը վստահեցնում է՝ նման առաջարկը զուրկ է տրամաբանությունից և իր մեջ ներառում է կոռուպցիոն բավականին մեծ ռիսկեր։

«Անձինք, ովքեր այդ իրականության հետ որևէ աղերս չունեն,մասնագիտական և կրթական փորձառություն չունեն, առաջարկում են բաներ, որը, վստահաբար եմ ասում, վտանգելու է մեր ազգային անվտանգությունը»,- ընդգծեց Նահապետյանը։ Դիտարկմանը, թե Հայկ Սարգսյանը վստահեցնում էր, որ այս նախագիծը նաև արտագաղթի խնդիրը կլուծի, քանի որ նրանք, ովքեր «փախչում» են բանակից, կարող են վերադառնալ Հայաստան և չմեկնել Հայաստանից՝ Հայկ Նահապետյանը պատասխանեց.

«Իսկ ինքն ասե՞լ է, թե արտագաղթի պատճառները որոնք են և այդ պատճառով արտագաղթածների տոկոսն ինչքա՞ն է կազմում։ Նա նման փաստեր բերե՞լ է։ Կարծում եմ՝ չի բերել։ Սուբյեկտիվ ընկալումներով, պոպուլիստական, կարգախոսի մակարդակով գնահատական է տալիս, որ հիմնավորի, որ դա որևէ կերպ չի ազդի՝ խորացնելով առանց այն էլ բևեռացված սոցիալական վիճակը»։ Փորձագետի խոսքով՝ Սարգսյանը պետք է առնվազն հիմնավորի իր խոսքը թվերով, փաստերով և վիճակագրությամբ, քանի դեռ նման փաստեր չկան նշանակում է, որ վերջինիս խոսքերը պոպուլիզմ է, ինչը պատերազմի մեջ գտնվող երկրին ոչ մի լավ տեղ չի տանում։

Նահապետյանը նշեց, որ ցանկացած առաջարկ գնահատելու համար պետք է ունենալ նմանատիպ երկրների օրինակներ, քանի որ նրանց անցած ճանապարհը, փորձառությունը կարող է ուղենիշ լինել։ Նմանօրինակ պետություն, որը մատնանշեց մեր զրուցակիցը Իսրայելն է, որը շրջապատված է ոչ բարեկամ երկրներով։ «Իսրայելում պետական պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակման մի քանի չափորոշիչների մեջ առաջնայինը Իսրայելի պաշտպանության բանակի ծառայությունն է և դա վերաբերում է երկու սեռերին, որովհետև դա հնարավորություն է տալիս իրապես գնահատել պատերազմող կամ առավել մեծ վտանգներ սպառնացող երկրի և ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, ապա պաշտոնատար անձինք պետք է իսկապես անցած լինեն և իրենց պարտքը տան հայրենիքին»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Իսրայելում անգամ ցածր օղակներում պետական պաշտոններ չեն կարող ստանձնել անձինք, ովքեր չեն ծառայել բանակում։

Փորձագետը նաև շեշտեց, որ Իսրայելում բանակում չծառայելը խստորեն է պատժվում և ծառայությունից խուսափող անձի ամբողջ կարիերայի վրա այդ խարանը մնում է։

«Թող ուսումնասիրեն Իսրայելի պաշտպանության բանակի օրինակը և օրենքները։ Կարծում եմ՝ բավականին ուսանելի կլինի, ոչ թե օդից վերցված կարծիքներ ասեն կամ սպասարկեն մեծահարուստների շահերը։ Ես չգիտեմ իր գաղափարական ուղղվածությունը և անձնական շահագրգռվածությունը, բայց սույն անձը լոբբինգ է անում՝ Հայաստանում մեծահարուստների խավի համար»,- ընդգծեց Նահապետյանը։ Նրա խոսքով՝ կան պատգամավորներ, ովքեր ոչ թե ելնում են պետության ազգային շահերից, այլ՝ իր անձնական շահերից և լոբբինգ են անում այս կամ այն խավի շահերը սպասարկող օրենքներ, իրողություններ։ «Այդ անձն այսօր լոբբինգ է անում մեծահարուստների խավի շահերը, որ իրենց զավակները չծառայեն բանակում։ Սա է իրականությունը։ Եթե այդ անձի կենսագրության վերջին 1.5 տարվա ելևէջները նայեք՝ ցոփ ու շվայտ կյանքը՝ պատգամավորի աշխատավարձով, կհասկանաք, որ այդտեղ կա ուղղակի մոտիվացիա՝ սույն անձի կողմից նման օրենքի նախագծի առաջարկն օրակարգ բերելու համար »,- շեշտեց Նահապետյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.