«Լոռի ՖԱ»-ի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կմասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին

Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանն այսօր իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, մտահոգ լինելով հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

Այդ կապակցությամբ ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ: Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ», - գրել է Թովմաս Գրիգորյանը։

Այդպիսով, ՀՖՖ նախագահի թեկնածուներն արդեն երկուսն են: Մինչ այդ իր թեկնածությունն առաջադրել էր հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.