«Փաստ». Կոնսոլիդացիա, որ կարող է փոխել իրավիճակը Արցախում. Դա հնարավոր է երկու թեկնածուների շուրջ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են աննախադեպ մրցակցային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնակցության հայտ ներկայացրած գրեթե բոլոր գործիչներն էլ Արցախում հեղինակություն ունեն, հետեւաբար կարող են մոբիլիզացնել որոշակի ընտրազանգված: 

Նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացրած թեկնածուների շարքում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլ յանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ռուսլան Իսրայելյանը:

 Նման լայն մասնակցության պարագայում միանգամայն հավանական է, որ թեկնածուներից ոչ ոք չհաղթահարի 50+1 տոկոս օրենսդրական պահանջը նախագահ ընտրվելու համար, ուստի կոնսոլիդացիոն գործընթացներ, այսպես, թե այնպես, լինելու են: 

«Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը, չնայած հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ, սակայն ակնհայտ է, որ նրա թիվ մեկ պահանջը լինելու է իր թեկնածությունը պաշտպանելը եւ իր առաջարկած օրակարգը ընդունելը: 

Վիտալի Բալասանյանի համագործակցությունը մնացած թեկնածուների հետ այնքան էլ հավանական չէ՝ հաշվի առնելով, որ Բալասանյանը հանդես է գալիս հայաստանյան իշխանությունների արմատական ընդդիմությամբ, իսկ մնացած թեկնածուները գոնե հրապարակային ելույթներում եւ հարցազրույցներում չեն քննադատում հայաստանյան իշխանություններին եւ չէին ուզենա ասոցացվել հակահեղափոխության հետ: 

Համագործակցության հակված չէ նաեւ Հայկ Խանումյանը, նրա ղեկավարած քաղաքական ուժը առաջնորդվում է 2017 թվականի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած ու աջակցած ուժերի եւ գործիչների հետ չհամագործակցելու սկզբունքով: 

Այս իրավիճակում ռեալ կոնսոլիդացիայի հնարավորություն է առաջանում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի միջեւ: 

Երկուսն էլ Արցախում հայտնի են որպես պարկեշտ եւ չկոռումպացված քաղաքական գործիչներ, եւ հավանական է, որ առանձին առաջադրվելու դեպքում ընտրազանգված կիսելու խնդիր են ունենալու: 

Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա եւ՛ Մասիս Մայիլյանը, եւ՛ Աշոտ Ղուլյանը լավ հարաբերություններ ունեն հայաստանյան իշխանությունների հետ. Մասիս Մայիլյանը սերտ համագործակցում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, Աշոտ Ղուլյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ մի շարք պատգամավորների հետ: 

Ուստի Հայաստանից նրանց համագործակցությանը միայն դրական կարող են վերաբերվել: Ցանկացած համագործակցություն քաղաքական հարաբերություններում պետք է հիմնված լինի որոշակի գաղափարների եւ սկզբունքների վրա, իսկ քանի որ Մայիլյանն ու Ղուլյանը բիզնեսի հետ առնչություն չունեն, կոնսոլիդացիայի հիմքում կարող է լինել բիզնես-քաղաքականություն տարանջատման սկզբունքը, ինչը լայնորեն ընդունելի է նաեւ հայաստանյան իշխանությունների կողմից եւ հեղափոխության սկզբունքային կետերից էր: 

Նշենք նաեւ, որ երկու գործիչները ժամանակին աշխատել են Արցախի արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարի պաշտոններում, եւ նրանց միջեւ երկար տարիների մտերմություն կա: 

Այնուամենայնիվ, չմոռանանք, որ նման կոնսոլիդացիայի համար կարեւոր է, թե ինչպես դա կընդունեն երկու քաղաքական գործիչներին սատարող ուժերը: 

Աշոտ Ղուլյանի պարագայում ամեն ինչ հստակ է, նրա քաղաքական հիմքը Արցախի ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարն է երկար տարիներ եւ մեծ հեղինակություն ունի կուսակցության անդամների շրջանում, ուստի խնդիր չի ունենալու իր կուսակցական ընկերներին բացատրելու այս կամ այն որոշումը: 

Խնդիրը այլ է Մասիս Մայիլյանի պարագայում, ում այս պահին հստակ աջակցություն են հայտնել ընդդիմադիր դիրքորոշմամբ ուժերը, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան իշխանության ներկայացուցչի հետ համագործակցության հարցում, բայց պետք է հաշվի առնեն, որ Հայկ Խանումյանից բացի, մնացած բոլորն էլ իշխանության մաս կազմել են կամ կազմում են, եւ այդ հիմքով միմյանց ընդդիմանալը տրամաբանական չէ: 

Մայիլյան-Ղուլյան կոնսոլիդացիայի դեպքում չի բացառվում, որ նրանց կմիանան նաեւ այլ քաղաքական ուժեր ու խմբեր, օրինակ՝ Դաշնակցությունը, որը այս օրերին միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: 

Արցախում ընտրությունները կայանալու են 2020 թվականի մարտի վերջին, եւ դժվար է կանխատեսել, թե մինչեւ այդ ինչպիսի քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ, այնուամենայնիվ, պարզ է, որ քաղաքական նման բազմազանության պարագայում հաջողություն ապահովելու համար թեկնածուները գնալու են կոնսոլիդացիայի, ինչը իր հերթին դրական ազդակ կարող է հանդիսանալ հասարակական նոր համախմբան համար եւ փոխել իրավիճակը Արցախում: 

Փորձագետների համոզմամբ, այս գործընթացները չի կարելի թողնել ինքնահոսի. քաղաքական կամքի ու հարցադրումը ճիշտ ընկալելու դեպքում պետք է անհապաղ գնալ քաղաքական խորհրդատվությունների: 

Դրա համար քիչ ժամանակ է մնացել, կարելի է ասել, որ հետհաշվարկը սկսված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.