ՀՔԾ պետն առաջարկում է 48 ժամ սպասել Գևորգ Կոստանյանին

«Եթե Գևորգ Կոստանյանը չգա, ապա կգործենք ըստ օրենքի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Որպես մեղադրյալ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների

համակցությունն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Այդ համակցությունը, որ պահին քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշեց ՀՔԾ պետը:

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքում ներկայացված փաստերի հետ։

Նշենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության, որում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով, նշվում էր, որ Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար

անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր:

Հարցին, թե միայն ա՞յդ մասով է, թե՞ հնարավոր է նաև նրա գլխավոր դատախազ լինելու տարիների պաշտոնվարման հետ կապված թերացումներ լինեն Մարտի 1-ի բացահայտման մասով, Սասուն Խաչատրյանը շեշտեց․

«Եկեք 48 ժամ սպասենք, դրանից հետո, եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք հավելյալ ինֆորմացիա կտրամադրենք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.