Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
 
«Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,–ասել է արտաքին գործերի նախարարի մամուլ խոսնակ Աննա Նաղդալյանը։
 
Sputnik Արմենիայի տեղեկություններով` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի լրագրողների հետ նախատեսված հանդիպումները եղել են «հայելային»` երկու կողմի լրագրողներն էլ հանդիպել են ՀԿ–ների ներկայացուցիչների, լրագրողների հետ, այցելել են շախմատի դպրոց։ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Արցախ, իսկ հայ լրագրողները` Գանձակ։
 
Ադրբեջան են գնացել  Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը,  «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։
 

Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայկական և ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում լրագրողների այցելության վերաբերյալ։ Մինչ այս ՀՀ ԱԳՆ–ն այդ լուրերը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր։

Ի դեպ, րոպեներ առաջ Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը facebook–ի իր էջում լուսանկար է տեղադրել Բաքվի հին քաղաքից` հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի մոտից (12-րդ դար): Լուսանկարին կից նա պատմել է Ադրբեջան կատարած տպավորիչ ուղևորության մասին, նշելով, որ հետաքրքիր է եղել հատկապես վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման։ 

Լրագրողը նշել է, որ մոտակա օրերին հանդես կգա մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։

facebook–ի իրենց էջերում արդեն միմյանց նշելով` հրապարակումներ են արել նաև Բաքու մեկնած մյուս երկու լրագրողները` «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Դավիթ Ալավերդյանն իր էջում լուսանկար է հրապարակել Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան ֆոնին։ Լուսանկարում երեքով են` ինքը, Արտյոմ Երկանյանն ու Էդգար Էլբակյանը։


 

Նշենք, որ հայ և ադրբեջանցի լրագրողները վերջին անգամ փոխադարձ այցելություններ են արել 2002 թվականին։
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.