Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Ցավում եմ, որ իմ որոշ գործընկերներ անձնավորված, թիրախավորեցին մեր որոշ պատգամավորների։ Այս մասին «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի քվերակրության ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

««Բարգավաճ Հայաստանի» մոտեցումը հետևյալն է, որ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, ցանկացած սպառնալիք պետք է մեկուսացվի, սակայն իրավական առումով այս նախագիծը ծայրից ծայր խոցելի է, հետևաբար մենք քվեարկելու ենք դեմ»,-նշեց պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նկատեց, որ գաղափարն իրենց կողմից ընդունելի է և միանշանակ ասում են, որ քրեական ենթամշակույթը պետք է վերացվի. «Պետություն պետության մեջ չի կարելի, որ գոյություն ունենա։ Սակայն քանի որ բուն իրավական խնդիրներ կան, մենք այս հարցի հետ կապված շատ զրուցեցինք, և խմբակցությունը որոշել է, որ ձեռնպահ կքվեարկի՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցում այն խնդրահարույց նորմերը, որոնք իրավական անորոշություն են առաջացնում, դրանք կվերանան»,-ասաց պատգամավորը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ կառավարության կողմից ներկայացված այս նախագիծը դրված է եղել հանրային քննարկման, դրանից հետո հդռնբաց նիստի շրջանակներում հանձնաժողովում քննարկվել է. «Նախագիծը հասանելի է եղել բոլորին, որևիցե առաջարկ, որևիցե բովանդակային քննարկում կապված նախագծում առկա իրավական բացերի հետ չի բարձրաձայնվել, եթե տեխնիկական խնդիրներ կան և կհնչեն առաջարկներ, առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում դրանք կլրացվեն»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Որոշումն ընդունվեց 73 կողմ, 11 դեմ, 9 ձեռնպահ ձայներով։ Նշենք, որ նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.