Հայոց լեզվի դասից հետո տղաները դուրս են գալիս ու հայհոյանքներով շփվում միմյանց հետ. Հովհաննես Հովհաննիսյան

«Այս օրինագիծը շատ լավ առիթ է խոսելու ոչ միայն այս նախագծի, այլ նաեւ այն մասին, որ տարիներ շարունակ արմատավորված արատը քայքայել է մեր հասարակության հիմքը։ Այս օրերին խոսում ենք հայոց լեզվի անարատության և հայ ինքնության պահպանման մասին, բայց հայոց լեզվի դասից հետո տղաները դուրս են գալիս ամեն օր կռիվ են անում։ Ինչ բառապաշարով, ինչ խոսքերով ու հայհոյանքներով է շփվում մեր երիտասարդ սերունդը»,-այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ սա մեկ օրինագծի շրջանակներում լուծվելիք խնդիր չէ և շատ ավելի խորքային է. «Իրականում Հայաստանի Հանրապետությանը պետք է մշակութային հեղափոխություն։ Որևէ գող չի ուզում իր երեխան դառնա գող, որևէ պոռնիկ չի ուզում իր երեխան զբաղվի պոռնկությամբ, նրանք բոլորն իրենց երեխայի համար լավագույն կրթությունն են ուզում»։

Հովհաննիսյանը հարցրեց, թե ով է մեր հասարակության հերոսը. «Ես անընդհատ լսարանում իմ ուսանողներին հարցնում եմ՝ ով է ձեր հերոսը, մաքսիմում նշում են, որ իրենց հայրն է, որովհետև տարիներ շարունակ մամուլը, հեռուստատեսությունը նրանց մեջ սերմանել են՝ հաջողակ է այն մարդն ով շատ փող ունի։ Ոչ, այդպես չէ, հաջողակ է օպերայի երգիչը, մշակութային գործիչը, սպորտի գործիչը, գիտնականը...Այս մտածողության արմատավորումն է պատճառը, որ ես այս օրինագիծը համարում եմ մեկ քայլ առաջ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.