Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը

ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի հափշտակության կասկածանքով ձերբակալված փաստաբաններին, որոնք ընդունել են առաջադրված մեղադրանքները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք, ԱԱԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փաստական տվյալներ են ստացել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։

ՀՀ փաստաբանների պալատից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նրանց հետ հանդիպել է ՓՊ նախագահը։ Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանի փոխանցմամբ, այս փուլում Ալինա Ավետիսյանը և Նելլի Պապյանը չեն ցանկացել օգտվել փաստաբանների իրավաբանական օգնությունից:

«Անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատը նրանց կապահովի իրավաբանական օգնությամբ: Փաստաբանների պալատը քննարկում է նաև փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»,-նշեց Հակոբյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.