ԱՀ ոստիկանապետը ներկայացրել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թ-ի միջոցառումների ծրագրի նախագիծը

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լ. Մնացականյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի դրույթներից: Ըստ Լ. Մնացականյանի՝ ներկայացված ծրագրի նախագծի նպատակներն են՝ ԱՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործումը, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
 
Ինչպես նաև հանցավորության նվազեցումն ու հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացումը, այդ նպատակով պետական մարմինների համակարգված գործունեության ապահովումը և հասարակության համար վտանգավոր այդ երևույթները ծնող պատճառների վերացումը: Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը,թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում «առողջ ապրելակերպի» և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը:
 
«Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի վերը նշված նպատակների իրագործմանը: Քանի որ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին, ուստի ծրագրի իրականացման համար նախատեսված 24 մլն 740 000 ՀՀ դրամ գումարն անհրաժեշտ է նախատեսել Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով»,-մանրամասնել է ոստիկանապետը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.