Հայաստանն անվտանգ երկրների յոթնյակում է

Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչները գիշերային ժամերին անվտանգ են զգում իրենց քաղաքների փողոցներում: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի (չշփոթել ՀՀ-ում գործող Gallup International-ի հետ), «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները:

Կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին հարցրել են՝ արդյո՞ք, մարդիկ իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում հարցվածների 89%-ը դրական պատասխան է տվել:

Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը և կիսելով այն Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ:

Որքան բարձր է միավորը, այնքան մեծ է իրեն անվտանգ զգացող բնակչության տոկոսը: 

Հարցման մասնակիցները պատասխանել են նաև հետևյալ հարցերին՝ վստահու՞մ են ոստիկաններին, անվտա՞նգ է գիշերային ժամերին միայնակ զբոսանքը, վերջին 12 ամսում իրենցից գումար կամ գույք գողացե՞լ են,  ենթարկվե՞լ են հարձակման և թալանի:

Արդյունքում, ընդհանուր վարկանիշում, Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան՝ Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ:

Վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որը 97 միավոր է հավաքել:

Ամենավատ վիճակն Աֆղանստանում է՝ 38 միավոր:

Հարևան երկրներում հետևյալ պատկերն է. Հայաստանի հավաքած 85 ընդհանուր միավորի հեմամատությամբ Վրաստանի նույն ցուցանիշը 86 է, իսկ Ադրբեջանինը՝ 89:

Gallup-ի հարցմանը մասնակցել և հարցերին պատասխանել  են մոտ 152,000 մեծահասակներ՝ 142 երկրից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.