Ճիշտ չէ մարդուն առանց պատճառի աշխատանքից ազատելը

Եթե Հայաստանի Հանրապետությունում խոսում ենք երաշխավորված աշխատանքի մասին, ուրեմն ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից։ Այս մասին ԱԺ-ում Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանին։

Նա նկատեց, որ գործող օրենքով Բաժնետերերի ժողովը ցանկացած ժամանակ իրավունք ունի դադարեցնել բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները։ Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածն արգելում է առանց պատճառի աշխատանքից ազատել, հետևաբար իրենք առաջարկում են՝ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն աշխատանքից ազատվի օրենքով սահմանված պատճառներով։

«ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը 11 հիմք է նախատեսում գոծատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու համար։ Եթե այդ 11 հիմքերից որևէ մեկն առկա չէ, ո՛չ բարոյական իմաստով, ո՛չ բարոյական հիմնավորվածության իմաստով ճիշտ չէ մարդուն առանց պատճառի աշխատանքից ազատելը»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այստեղ անբարեխիղճ աշխատողին պաշտպանելու խնդիր չկա։
Նա նշեց, որ բաժնետիրական ընկերության տնօրենին ցանկացած ժամանակ աշխատանքից ազատելու հիմնական վտանգը պետական սեկտորի բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ է. «Այսօր՝ քաղաքական ընտրություններից հետո, անուններ չեմ տալիս, կոնկրետ դեպքեր չեմ ուզում վկայակոչել, եթե պետք լինի կասեմ, բայց ընտրվում է քաղաքապետ, կանչում է բոլոր պոլիկլինիկաների տնօրեններին, ասում է՝ հրաժարական տվեք, թե չէ՝ հայտնի հետևանքներով։

Այս նախագծի նպատակն այն է, որ մենք պաշտպանության տակ վերցնենք բաժնետիրական ընկերությունների այն տնօրեններին, որոնք ոչ մի մեղք չեն գործել և չպետք է ազատվեն իրենց պաշտոնից»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Օրենքի նախագիծը, սակայն, չընդգրկվեց օրակարգ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.