Դատական համակարգը «բրախված» վիճակում Երվանդ Վարոսյան

«Սա խոսում է այն մասին, որ այդ կառույցի վերաբերյալ իր կողմից առավոտյան տրված գնահատականները ճիշտ էին, հատկապես այն առումով, որ ինչպե Հայկ Հովհաննիսյանն էր նշել, ԲԴԽ-ն չի համապատասխանում այդ կառույցի համար առկա միջազգային չափանիշներին: Ես ասեմ, որ այդ կառույցը չի համապատասխանում մեր չափանիշներին՝ առաջին հերթին, եւ ինչպես շատ բաներ, այդ կառույցը եւս , վաղուց անլրջացած է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով, որ ԲԴԽ գործունեությունը, որպես անկախ սահմանադրական մարմնի, չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։

Այս հայտարարությունից ժամեր անց ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել։ Ըստ աղբյուրի, ԲԴԽ նիստում քննարկվել է Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է Հովհաննիսյանը, որը չի պնդել հրաժարականի դիմումը:

Վարոսյանի խոսքով, այսօր Հայաստանում, ընդհանուր առմամբ, դատական համակարգը բարձիթողի վիճակում է եւ եթե իրավիճակը չշտկվի շատ ծանր հետեւանքներ ենք ունենալու, ինչն արդեն իսկ ակնհայտ է դառնում շատ կենցաղային ու առօրեական գործերով: «Չի կարելի դատական համակարգի հետ վարվել այնպես, ինչպես վարվում է գործող իշխանությունը: Էսօր բրախված է դատական համակարգը: Չեմ գտնում ուրիշ բառ «բրախելովի» փոխարեն: Նախկինում, այնպես չէ, որ դատական համակարգն անկախ էր, կային որոշակի չգրված օրենքներ, սկզբունքներ, որոնց սահմանը ոչ ոք չէր անցնում: Այսօր իշխանությունը կենտրոնացել է մի քանի գործի վրա, ասում է՝ մեզ համար այս գործերով ապահովեք այս արդյունքը, մնացածը՝ դուք գիտեք ինչ կանեք: Իրավիճակը ծանր է»-մտահոգություն հայտնեց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ նախ պետք էր փորձել ձեւավորել այդ դատական համակարգը, հետո նոր մտածել «ինչ ուզում եք արեք»-ի մասին: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներում ծանր հետեւանքների մասին մենք լսելու ենք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այսօր տեղի ունեցածին, այս ամենը ամբողջացնելով, կարծում եմ՝ սա ծաղր է պետության նկատմամբ: Եվ առավոտյան հրաժարականը եւ այդ անձին հետ բերելու փորձերը, որ ձեռնարկել է ԲԴԽ-ն ծաղր է, եթե անձը նման հայտարարություն անենլով, այսպես ասած, դուռը շրխկացնելով գնում է, գնալ, նրան խնդրել՝ հետ գալ, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, իսկ իր կողմից որոշում փոխելը խոսում է այն մասին, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում»:

Փաստաբանը հիշեց, որ նախօրդ իշխանությունների օրոք բազմիցս քննադատել է ԲԴԽ-ին եւ համոզմունք է հայտնել , որ այն լուրջ շտկումների կարիք ունի, բայց ըստ Վարոսյանի, այն, ինչ տեղի ունեցավ այդ մարմնի հետ նոր իշխանությունների օրոք, ուղղակի ծաղր է: «Եթե այդ մարմնում կային մի քանի անձինք, ովքեր արժանի էին այնտեղ գտնվելու, նրանք հրաժարական տվեցին մեզ համար անհայտ պայմաններում ու մնաց այն, ինչ մնաց»,-եզրափակեց փաստաբանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.