«Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան– քննարկում «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով, որը կազմակերպել էին Տնտեսագիտական համալսարանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը և ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկը (ԱՄՆ): Քննարկմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար: «Ինչպես գիտենք, ՀՀ-ն տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերական ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, և արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման և դրանց խթանների կիրառման հնարավորությունները»,- ասաց բուհի ղեկավարը՝ նախանշելով քննարկման թեման:

 
 

Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթությունների մասին՝ մատնանշելով ոլորտում առկա միտումներն ու զարգացումները:

 

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն իր ելույթում խոսեց բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի մրցունակության խնդիրների մասին՝ անդրադառնալով այն իրողությանը, որ չնայած բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, դրանք դեռևս ամբողջովին ինտեգրված չեն Հայաստանի տնտեսությանը և դրա մրցունակության բարձրացմանը: Բանախոսը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի գերակշիռ մասը Հայաստանից արտահանվում է՝ նպաստելով այլ երկրների տնտեսության զարգացմանը:

 

ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը հանդես եկավ «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման տնտեսական սահմանափակումներին:

 

Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, որը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև անդրադարձավ իր ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներին ու մրցույթներին:

 

Ելույթներից հետո տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում, որին մասնակցեցին պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային փորձագետ Վարդան Արամյանը, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ Վահրամ Ջանվելյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը , ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի, մասնավոր և գործարար հատվածի ներկայացուցիչներ:

 

Հանդիպման ավարտին պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն առաջարկեց ձևավորվել աշխատանքային խումբ, որը կմշակի և ՀՀ կառավարությանը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման գիտագործնական առաջարկներ:

 

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ ՀՊՏՀ-ում կշարունակվեն տնտեսական թեմաների շուրջ քննարկումները, առաջիկայում հանդիպումներ կհրավիրվեն պետական բյուջեի և գիտության ֆինանսավորման թեմաներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.