«Բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողմնային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր՝ կույր աղու, բարակ աղու միջընդերքի և աջ երիկամի վնասումով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ վիրավորը ծայրահեղ վիճակից դուրս է եկել, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել է քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մաթևոսյանի տուն և տան մեջ բարձրաձայն խոսակցություն է տարել, որ Ա. Մաթևոսյանը «պետք է իր բախտը նայի», սակայն Ա. Մաթոևսյանը, ով հարևանների շրջապատում համարվում է «բախտագուշակ», դիտողություն է արել Հ. Խաչատրյանին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մաթևոսյանի հասցեին, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։

Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Ա. Մաթևոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշական և դատահետքաբանական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.