Արա Բաբլոյանի մեսիջը՝ Նիկոլ Փաշինյանին․ «168 ժամ»

 
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ:

Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել»:

Այնուհետև ԱԺ նախկին նախագահը հայտարարել է. «Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Նա փաստացի դիմում է իրավապահներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը՝ լինելով ԱԺ նախագահ: Սակայն այս հայտարարությունը երեկ իրավապահ մարմինների կողմից որևէ հետևանք չունեցավ, Արա Բաբլոյանին քննչական մարմինները հարցաքննության չհրավիրեցին՝ պարզելու, թե ի՞նչ խախտման մասին է հայտարարում ԱԺ նախկին նախագահը:

Արա Բաբլոյանի հայտարարությունը, որը նա հրապարակավ կոչ արեց դիտարկել՝ որպես հաղորդում, և համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրեց այդ խախտումը հայտնաբերելու վրա, կարելի է մեկնաբանել՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելու, և իր կողմից՝ որպես ԱԺ նախագահ, դրան աջակցելու քայլ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.