Բաժին : Հասարակություն
Զոհված ոստիկանը դեպքի օրը խոսել է կյանքի կարճ լինելուց և ընկերոջը խորհուրդ է տվել գնահատել ու սիրել մարդկանց․ վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում: Այս մասին ասված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախչել են:
Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ մյուս ոստիկանը վիրավորվել։