Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։

Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է և մաղթեց արդյունավետ պաշտոնավարում։ Այնուհետև, քննարկվեցին մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործության կոնկրետ տեսակների հակազդմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Արման Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձավ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին՝ շեշտելով, որ պետք է  նման երևույթներն արժանանան ոստիկանության ծառայողների խիստ և օրենքի տառին համապատասխան արձագանքին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը այս առումով ընդգծեց նաև, որ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն նաև ոստիկանության շարքերում։ Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության նորանշանակ պետին հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը իրավապահ այլ կառույցների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անձնակազմի օպերատիվ  տեսադաշտում պահել մարզում ապրող քրեական հեղինակություններին, զբաղվել արտաքին ծառայությունների աշխատանքի առավել բարելավմամբ, կադրային քաղաքականությունը վարել այնպես, որ ապահովվի արժանավոր ծառայողների առաջխաղացումը։ Ելույթ ունեցան նաև Սյունիքի մարզի դատախազը, ազգային անվտանգության ծառայության ու քննչական վարչության պետերը, որոնք հանցավության դեմ պայքարի գործում ոչ միայն կարևորեցին ոստիկանության հետ սերտ համագործակցությունը, այլև համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին։

Վերջում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ մարզային վարչության նորանշանակ պետն ու մարզի ոստիկանները կկարողանան լուծել իրենց առաջ օրենքով դրված խնդիրները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.